Մատչելիության հղումներ

Մերձավանում մեղադրյալի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվել


Իրավապահները դեպքի վայրում, Մերձավան, 24-ը սեպտեմբերի, 2025թ.
Իրավապահները դեպքի վայրում, Մերձավան, 24-ը սեպտեմբերի, 2025թ.

Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանին իրավապահներն այսօր առավոտյան ուղեկցել են Մերձավանի գերեզմանոց: Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ մեղադրյալը ցուցմունք էր տվել, թե այս տարածքում է կրակել սովորել, տեղում քննչական գործողություններ են կատարվել: Գերեզմանոցի հենց մուտքի մոտ սպանված համայնքապետի շիրիմն է, անընդհատ մարդիկ են մոտենում.

«Լավ մարդ, միայն լավը գիտենք իրա համար, ափսոսում ենք շատ ... »:

Սպանությունը երկու շաբաթ առաջ էր, իրավապահներն այն արդեն բացահայտված են համարում: Փարաքարի ընդդիմադիր համայնքապետին ու նրա ընկերոջը սպանողը, ըստ իրավապահների, Գևորգ Հարությունյանն է, սպանությանն աջակցողը՝ Նարեկ Օհանյանը, երկուսն էլ կալանավորված են: Թե՛ Ոստիկանությունը, թե՛ Քննչական կոմիտեն այս սպանությունը համարում են փետրվարին նույն համայնքում տեղի ունեցած արյունոտ միջադեպի շարունակությունը. այդ ժամանակ Նարեկ Օհանյանի եղբայրն էր սպանվել, նրանք համայնքի նախկին վարչական ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի զարմիկներն են:

Մերձավանցիները, սակայն, հանցագործությունը բացահայտված չեն համարում.

«Բացահայտված ա, որ էդ տղեն ա սպանել, օրինակ, մեզի պետք ա, որ ով ա սովորացրե իրան, էդ ա պետք, իրա՛ն բացահայտեն, թե չէ էդ էրեխեն ի՞նչ պտի ... սովորացրել են՝ արել ա: Վալոդիկը նենց տղա էր, իրան ոչ մի թշնամի չի ունեցե ինքը, չի էլ ... տենց բան գոյություն չունի»:

Կարծում են, որ սպանության մեջ մեղադրվողը՝ 20-ամյա Գևորգ Հարությունյանը պատվիրատու ունի, և կանգ չեն առնում Ախտոյանի անվան վրա.

«Չգիտեմ՝ Ախտոյանին ով ա էն վախտ սովորացրե, էդ էլ գոյություն ունի»:

Ըստ Քննչական կոմիտեի՝ Գևորգը խոստովանել է, որ սպանողն ինքն է, որ վրեժխնդիր է եղել Նարեկի սպանված եղբոր համար: Նարեկ Օհանյանը հերքում է դեպքին իր մասնակցությունը, փաստեր ունի, որ սպանության ժամին տանն է եղել, Քննչականն էլ տվյալներ ունի, որ իր նորակառույց տան բակում Նարեկը կրակ է թեժացրել, որ քիչ անց այրի մարդասպանի հագուստը:

Մերձավանցիները նրա մասին շատ ասելիք չունեն.

«Զսպված, զսպված ... »:

«Զսպված տղեն էն խելոք տղեն ա, որը ոչ մի բանին չի խառնվում, այ էդ ա զսպվածը ... »:

Նարեկի ընտանիքը, Գևորգինը և Ախտոյանները համայնքում չեն, նրանց դատարկ տները ոստիկանական հսկողության ներքո են.

«Ընտանիքները փախել են, թե հանել են տարել են, չգիտեմ, բայց ստե չեն ... »:

Գյուղում տեղեկացանք, որ նախկին վարչական ղեկավար Ախտոյանը դեպքից ինն օր առաջ հեռացել է Հայաստանից:

«Թող փախնեն էթան, որ ժողովուրդը խախանդ ապրի ... »:

Ոստիկանական ուժերի ներկայությունը համայնքում, մի կողմից, ապահովություն է ներշնչում բնակիչներին.

«Տենում եք, որ օրգանի աշխատողներն իրենց գործը անում են ... »:

Մյուս կողմից՝ վկայություն է այն մասին, որ ռիսկերը չեզոքացված չեն.

«Հլա հանգիստ են, էլի, տենանք հլը՝ հանգիստ կմնա՞ն, թե՞ էլի կհելնեն իրար դեմ ... »:

Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ Մարինե Գրիգորյանը, որդու սպանությունը ամենևին էլ բացահայտված չի համարում, պետք է կազմակերպիչներին գտնել, ասաց:

Վաղը Փարաքար խոշորացված համայնքում ընդդիմադիր «Ապրելու երկիր»-ը ավագանու իր կազմից նոր համայնքապետ կընտրի: Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից «Ազատություն»-ը տեղեկացավ՝ թեկնածուն Օնիկ Ախվերդյանն է, մարտի ընտրություններում նրա անունը քվեարթերթիկում երկրորդն էր:

Փարաքարի ավագանիում ընդդիմությունը մեծամասնություն ունի, կարող է Ախվերդյանին առաջադրել ու ընտրել: Ավագանու ՔՊ-ական կազմի աջակցության կամ նույնիսկ ներկայության կարիք չկա:


XS
SM
MD
LG