Մատչելիության հղումներ

Պուտինն ու Թրամփը կհանդիպեն Բուդապեշտում, Կիևը կստանա՞ Tomahawk հրթիռներ


Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները շուտով կհանդիպեն Բուդապեշտում: Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը երեկ այս մասին պայմանավորվել են ավելի քան 2 ժամ տևած հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Սա օգոստոսին Ալյասկայի հանդիպումից հետո առաջնորդների առաջին շփումն է և տեղի է ունեցել Վաշինգտոն Ուկրաինայի նախագահի այցից մեկ օր առաջ, որի ընթացքում Վլադիմիր Զելենսկին կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ և ակնկալվում է, որ կքննարկի նաև Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարելու հարցը, որոնցով ուկրաինական զինուժը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին։

Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնել է, որ առաջնորդները պայմանավորվել են անմիջապես սկսել հանդիպման նախապատրաստումը: Յուրի Ուշակովի խոսքով` հատուկ անդրադարձ է եղել ուկրաինական ճգնաժամին, Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է խնդրի խաղաղ կարգավորմամբ: Անդրադարձ է եղել են նաև Ուկրաինային Tomahawk հրթիռների տրամադրման խնդրին:

«Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ Tomahawk-երը չեն փոխի մարտադաշտում իրավիճակը, բայց զգալի վնաս կհասցնեն մեր երկրների հարաբերություններին, չհաշված խաղաղ կարգավորման հեռանկարին», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

ԱՄՆ նախագահը սոցցանցում հայտնել է, որ զրույցը շատ արդյունավետ է եղել, մեծ առաջընթաց են գրանցել: Նրա խոսքով՝ երկար խոսել են պատերազմի ավարտից հետո ռուս-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների մասին: Նաև հաստատել է, որ Բուդապեշտում հանդիպում է նախատեսվում, որտեղ կփորձեն հասկանալ՝ կարո՞ղ են վերջ դնել Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմին:

Ավելի ուշ՝ ճեպազրույցի ժամանակ էլ Թրամփը հայտնել է, որ երկու երկրների արտգործնախարարները շուտով կհանդիպեն՝ պատրաստելու առաջնորդների հանդիպումը, որը տեղի կունենա առաջիկա երկու շաբաթում:

Լրագրողները հետաքրքրվել են՝ Ռուսաստանի նախագահը փորձե՞լ է Թրամփին համոզել, որ Ուկրաինային չտրամադրի Tomahawk հրթիռներ: Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ Պուտինին հարցրել է՝ արդյո՞ք դեմ կլինի, եթե ԱՄՆ-ն այդ հրթիռներից տրամադրի Ուկրաինային: Պուտինին, սակայն, դուր չի եկել այդ գաղափարը, ասել է Թրամփը:

«Նրան իսկապես դուր չեկավ այդ միտքը ... Tomahawk-ը հարձակողական դաժան զենք է, այն աներևակայելիորեն կործանարար զենք է։ Ոչ ոք չի ուզում, որ իրենց վրա Tomahawk հրթիռներ արձակեն», - ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ը շատ ունի այս հրթիռներից, սակայն չեն կարող սպառել ողջ պաշարը: «Դրանք մեզ նույնպես անհրաժեշտ են», - ընդգծել է նա։

Կրեմլի խոսնակն ասել է, որ Պուտինը հստակ հայտնել է Ռուսաստանի դիրքորոշումը այդ հրթիռների հնարավոր վաճառքի վերաբերյալ:

Ըստ Դմիտրի Պեսկովի՝ այս պահին կա հանդիպելու շուրջ նախագահների պատրաստակամությունը, իսկ մինչ այդ շատ աշխատանք կա անելու հանդիպումը պատրաստելու համար:

«Հանդիպումը, անշուշտ, կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում կամ մի փոքր ավելի ուշ։ Կա ընդհանուր փոխըմբռնում, որ այն չպետք է հետաձգվի», - նշել է ՌԴ նախագահի խոսնակը:

Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն «ամբողջ թափով ընթանում են»

Հունգարիայի վարչապետը խոսել է Թրամփի և Պուտինի հետ: Վիկտոր Օրբանն ասել է, որ հանդիպման նախապատրաստումն ընթանում է ողջ թափով, ապա հավելել է, որ Բուդապեշտը լավ վայր է այս հանդիպման համար:

Օրբանը նաև հայտարարել է՝ Եվրոպան այս պատերազմի հարցում սխալ մոտեցում ունի, և կոչ է արել աջակցել Թրամփին՝ կարգավորելու հակամարտությունը:

«Եվրոպացիների համար ամենակարևոր դասն այն է, որ մեր գործողությունները սխալ են ... մեզ անհրաժեշտ է խաղաղության ռազմավարություն։ Պետք է օգնել Ամերիկայի նախագահին, և դրան զուգահեռ պետք է բացվի նաև Եվրոպա-Ռուսաստան դիվանագիտական անկախ խողովակ», - հայտարարել է Օրբանը:

Իսկ ինչպե՞ս է Պուտինն այցելելու Բուդապեշտ, եթե Միջազգային քրեական դատարանը, որի անդամ է Հունգարիան, նրան ձերբակալելու օրդեր է տվել: Դատարանի անդամակցությունից հրաժարվելու փուլում գտնվող Հունգարիայի արտգործնախարարը վստահեցրել է՝ ոչ մի խնդիր չի լինի:

«Մենք կապահովենք, որ Պուտինը մուտք գործի Հունգարիա, հաջող բանակցի այստեղ, ապա վերադառնա տուն։ Որևէ մեկի հետ խորհրդակցության կարիք չկա։ Մենք ինքնիշխան երկիր ենք», - հայտարարել է Պետեր Սիյարտոն:

Հունգարիա հասնելու համար Պուտինի ինքնաթիռը պետք է մի քանի երկրի օդային տարածքով անցնի: Եվրամիությունից ասել են, որ առանձին երկրները կարող են թռիչքի թույլտվություն տալ, իսկ Ռուսաստանի նախագահի դեմ պատժամիջոցները չեն ենթադրում «ճանապարհորդելու հատուկ արգելք»։ ԵՄ-ից նաև ողջունել են հանդիպումը, եթե այն խաղաղություն կբերի:

Զելենսկին Վաշինգտոնում է

Այս ֆոնին, Վլադիմիր Զելենսկին արդեն ժամանել է Վաշինգտոն, որտեղ հանդիպել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության, պաշտպանության ոլորտի Raytheon և Lockheed Martin ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այցից առաջ նա ասել էր, որ այս ընկերությունների հետ համագործակցությունը կարող է ամրապնդել Ուկրաինայի պաշտպանությունը:

Վաշինգտոնում Զելենսկին կքննարկի նաև հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի մատակարարմանն առնչվող հարցեր։

ԱԹՍ-ներով հարվածները շարունակվել են

Այս ընթացքում ռուսական զինուժը հարվածել է Խերսոնին, Կրիվոյ Ռոգին և այլ շրջանների, հայտարարել, որ ևս երեք բնակավայր է վերցրել: Զելենսկին հայտարարել է, որ ռուսները «համակարգային ահաբեկչություն» են իրականացնում Ուկրաինայի էներգետիկ ոլորտի դեմ:

Ուկրաինական զինուժն էլ հարվածել է Սոչիին և այլ բնակավայրերի: Ռուսական մի շարք օդանավակայաններ սահմանափակումներով են աշխատում:

XS
SM
MD
LG