Ռուսաստանը հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ուկրաինայի բազմաթիվ շրջանների, այդ թվում՝ Կիևին: Զապորոժիեում վիրավորների թիվը հասել է 13-ի, որից 6-ը երեխաներ են: Հարձակման են ենթարկվել նաև էներգետիկ ենթակառուցվածքները, շրջանների մեծ մասում դադարեցվել է էլեկտրամատակարարումը:
«Հրթիռները հարվածեցին «Շահեդ» անօդաչուներից հետո։ Այդ պահին մենք միջանցքում էինք։ Կռացա, ծածկեցի գլուխս, և դուռը պաշտպանեց ինձ: Հզոր պայթյուն էր, բոլոր դռները վնասվել են», - պատմել է բնակիչներից Եվգենիա Կոնսերվան։
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է Ուկրաինայում ձմռանը մարդասիրական աղետ ստեղծել: «Հարվածները նոր վնաս են հասցրել էներգետիկ ենթակառուցվածքներին»,- սոցցանցում գրել է Սվիրիդենկոն:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տարվա սկզբից Ռուսաստանը 75 հազար հարված է հասցրել ուկրաինական ենթակառուցվածքներին:
Կիևում ռուսական հարվածների պատճառով մարդիկ գիշերը մետրոյում են պատսպարվել:
«Սա չի ավարտվի, քանի դեռ ողջ միջազգային հանրությունը չի սկսել դիմադրել Ռուսաստանին, որին պետք է ասեն, որ նա է ագրեսորը: Մինչև մեր երկրի սահմանները չվերականգնվեն, չենք կարող ասել, որ խաղաղ ապրելու հնարավորություն ունենք», - ասել է Կիևի բնակիչ Նատալյա Կոնտոկուժինան:
Ռազմաճակատում ամենադժվար իրավիճակը հիմա Պոկրովսկում է. Զելենսկի
Էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներին զուգահեռ ռուսական զորքը նաև փորձում է շրջապատել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքը, որը ռազմավարական նշանակություն ունի: Ըստ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանն այստեղ մոտ 11 հազար զինվոր է տեղակայել։ Ուկրաինայի զինուժը ևս լրացուցիչ ուժեր է տեղակայում: Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռազմաճակատում ամենադժվար իրավիճակը հիմա Պոկրովսկում է:
«Ինչպես նախորդ շաբաթներին, այնտեղ մարտերն առավել լարված են՝ ռուսական ուժերի ուժեղ կենտրոնացմամբ։ Օկուպանտները բոլոր միջոցներով փորձում են պահպանել իրենց դիրքերը։ Յուրաքանչյուր օկուպանտի ոչնչացում ձեռքբերում է մեր ողջ պետության համար», - ասել է նա:
Ուկրաինական զինուժը հայտարարել է, որ ռուսական զորքին դեռ չի հաջողվել շրջափակվել Պոկրովսկը, իսկ լոգիստիկ այս կենտրոնի շուրջ գտնվող ռազմական մատակարարման ուղիները գործում են:
Ուկրաինային ռուսական զինուժի հարվածները տեղի են ունենում Հարավային Կորեայում Միացյալ Նահանգների և Չինաստանի առաջնորդների հանդիպման ֆոնին, որի ընթացքում, Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը քննարկել են նաև ուկրաինական պատերազմը: Հանդիպումից հետո Թրամփն ասել է, որ համաձայնել են «միասին աշխատել» հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Մենք երկար խոսեցինք այդ մասին: Երկուսս էլ պատրաստվում ենք աշխատել՝ տեսնելու, թե արդյոք կարող ենք ինչ-որ բան անել: Նա մեզ օգնելու է, և միասին աշխատելու ենք Ուկրաինայի հարցում»։
Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից մի քանի րոպե առաջ հայտնել է, որ Պենտագոնին հրամայել է վերսկսել միջուկային զենքի փորձարկումները՝ 33 տարվա ընդմիջումից հետո: Թրամփը պարզաբանել է, թե նման որոշում է կայացրել, քանզի այլ երկրները, մասնավորապես, Ռուսաստանը, Չինաստանը, ևս նման փորձարկումներ են անում: «Այդ գործընթացը կսկսվի անմիջապես»,- սոցցանցում գրել է նա:
Մինչ այդ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր միջուկային շարժիչով աշխատող մեծ հեռահարության «Բուրեվեստնիկ» հրթիռի և միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ «Պոսեյդոն» գերտորպեդոյի հաջող փորձարկման մասին:
Չնայած խաղաղության մշուշոտ հեռանկարին՝ Ռուսաստանի նախագահի տնտեսական և ներդրումների հարցերով բանագնացը լավատես է: Կիրիլ Դմիտրիևը, որն ԱՄՆ էր մեկնել Թրամփ-Պուտին հանդիպման չեղարկումից հետո և անցած մի քանի օրերին հանդիպել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ, կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել մեկ տարվա ընթացքում: