Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկրում ՏԻՄ ընտրություններին հաջորդած ակցիաների ֆոնին հերթական անգամ խստացնում է փողոցային հավաքների կանոնները:
Նոր օրինագծի համաձայն՝ հանրահավաքների անցկացման սահմանված կանոնների խախտումը կդառնա նաև քրեորեն պատժելի և կարող է հանգեցնել մինչև երկու տարվա ազատազրկման:
Իշխող ուժի ներկայացուցիչ Իրակլի Կիրցխալիան հայտնել է, որ նոր փոփոխություններով նախատեսվում է՝ ակցիային փակ դեմքով մասնակցելը, արցունքաբեր կամ թունավոր նյութ օգտագործելը, ճանապարհը փակելը կամ ժամանակավոր կառույցների տեղադրումը կպատժվեն վարչական կալանքով՝ մինչև 15 օր ժամկետով, կազմակերպիչների համար՝ մինչև 20 օր, ակցիայի ժամանակ զենք, պիրոտեխնիկա կամ «նմանատիպ առարկաներ» պահելը՝ մինչև 60 օր կալանք: Հանրահավաքը դադարեցնելու մասին ՆԳՆ -ի պահանջը կատարելուց հրաժարվելը ևս նախատեսում է մինչև 60-օրյա կալանք:
Նման գործողությունների կրկնակի կատարումը կհանգեցնի քրեական պատասխանատվության՝ մինչև մեկ տարվա ազատազրկում:
Արդեն 320 օր է, ինչ Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը՝ պահանջելով անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ և ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալված մասնակիցներին: Ցույցերը ակտիվացել էին անցյալ տարվա նոյեմբերի 28-ին՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրաինտեգրումը մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին հայտարարությունից հետո: