Կրիմինալ մթնոլորտի բարձր մակարդակը վարչապետին էլ է անհանգստացնում
«Ընդհանրապես, Հայաստանում հանցավորության մակարդակը շատ լուրջ խնդիր է, առավել ևս բռնությամբ կատարված հանցագործությունները: Ամեն կրակոց, ամեն քաղաքացի ի վերջո զգում է, որ դա կրակել են իրա վրա», - երկրում կրիմինալ մթնոլորտի բարձր մակարդակը վարչապետ Փաշինյանին էլ է անհանգստացնում, ի՞նչն այնպես չեն անում, որ ահավոր դեպքեր են լինում։
Քննչական կոմիտեի ծառայողի օրվա նիստում քննիչներին դիմեց Փաշինյանը. «Վերջերս շատ ահավոր դեպք տեղի ունեցավ, նույն Փարաքարի դեպքերը, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանության դեպքը։ Առաջին հարցն այն է՝ որտե՞ղ է բացթողումը, ի՞նչ պետք է այլ կերպ լիներ, որ այդ ամեն ինչը տեղի չունենար», - հարցնում է վարչապետը:
Ոստիկանության օպերատիվ շտաբի նախկին պետ Հովհաննես Քոչարյանը, որ Փաշինյանի կառավարության օրոք էլ փոխոստիկանապետն էր, հարցնում է՝ իսկ ի՞նչ են արել հանցագործությունը կանխելու ուղղությամբ: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան ասում է՝ քաղաքական իշխանությունը իրավապահներից հաշվետվություն չի պահանջում, չեն էլ ստուգում՝ իրենց թվերը նկարած են, թե իրականությունն են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մերձավանում լարվածությունը չի մարում. Օնիկ Ախվերդյանը՝ Փարաքարի նոր համայնքապետ«Առաջին բանը, որ պիտի անի իրավապահ համակարգի վերադասը՝ տեսնել, դա հնարավոր էր կանխել, թե՞ ոչ։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե կատարվեր այն աշխատանքը, որի մասին ես ձեզ ասում եմ, այո, դա հնարավոր է, հիմա էլ հնարավոր է այնտեղ արյուն թափվի, ակնհայտ է, չէ՞, որ կրքերը չեն հանդարտվում», - ասում է Ոստիկանության օպերատիվ շտաբի նախկին պետը՝ շեշտելով. «Պետությունը համապատասխան մարմիններին ո՛չ հանձնարարական է տալիս, ո՛չ հետաքրքրված է, ո՛չ շահագրգռված է, ո՛չ էլ հաշվետվություն է ուզում, թե կոնկրետ հանցագործների կանխման ուղղությամբ իրավապահ մարմիններն ի՞նչ են արել, և որևէ մեկը չի էլ ստուգում՝ էդ կանխման աշխատանքներն իրական արդյունավետ են, թե՞ թվերի նկարչություն է: Պետք է պահանջի քաղաքական իշխանությունը, իշխանակիրը, այդ Ներքին գործերի նախարարությունը բա ինչի՞ համար է ստեղծվել, որ դառնա ոստիկանապետ, գնա դեպքի վայրի դրություն անի՞, կամ խորհրդակցություն, հա՞, օպերատիվ: Այդ Ներքին գործերի նախարարությունը դրա համար է ստեղծվել, որ հանցավորության վիճակի օբյեկտիվ, անաչառ անալիզի արդյունքներով քրեաբանական կանխարգելիչ ծրագրեր մշակվեն ու հասարակությանը մատուցվեն», - ասում է Ոստիկանության օպերատիվ շտաբի նախկին պետ Հովհաննես Քոչարյանը:
Վերջին 6 տարվա սպանությունների վիճակագրությունը
Ներքին գործերի նախարարությունը «Ազատությանն» է փոխանցել Փաշինյանի կառավարության օրոք վերջին 6 տարվա սպանությունների վիճակագրությունը: Պատկերը խայտաբղետ է, թվերը իջնում ու բարձրանում են, նվազման կայուն միտում չկա։
Օրինակ՝ 2020 թվականին սպանության 50 դեպք է գրանցվել, 21-ին տասով աճել է, 2022-ին ու 23-ին համարյա նույնն է՝ 58, 55 դեպք։ Անցած տարի 63 սպանություն է եղել, այս տարի, որ դեռ չի ավարտվել՝ 46։
Նախկին փոխոստիկանապետն ասում է՝ երկրում հանցագործությունների մակարդակը գնահատելիս պետք է հաշվի առնել դեպքերի հնչեղությունը, ոչ թե սոսկ վիճակագրությունը։ Օրինակ՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դեպքը։
«Քրեական բախումները բռնի և բռնի շարիտական հանցագործություններն են՝ հասարակությանը գնալով ավելի տեսանելի ու անհանգստացնող են դարձնում, ավելի ցինիկ, ավելի հանդուգն, սենց ասեմ ձեզ էլի՝ իսկական մարտահրավեր է պետության ներքին ինքնորոշմանը, հասկանո՞ւմ եք, սա ես տեսնում եմ, սա ես տեսնում եմ, որ ինչ-որ բան փոխվել է», - ընդգծում է Հովհաննես Քոչարյանը:
Իրավապահ համակարգի առաջնահերթությունը քաղաքականությունն է. իրավապաշտպան
Իրավապահ համակարգի առաջնահերթությունը քաղաքականությունն է, ոչ թե կրիմինալի դեմ պայքարը, հայտարարում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը. «Գիտե՞ք ինչ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ կառավարությունը ես եմ, և որևէ մեկը չի կարող իրեն հակադրվի, և մենք տեսնում ենք իր քաղաքական այդ ուղղորդումն ընդհանրապես, դու հասկանում ես, որ ոստիկանությունը ևս ուղղորդված է ավելի շատ քաղաքական հանգամանքների, գործընթացների վրա, քան նրա, ինչը պետք է ինքն իրականում կատարի։ Այս պատկերը՝ մարդկանց բռնությունների, սպանությունների, սա վտանգավոր է ուղղակի»:
Վարչապետ Փաշինյանի համոզմամբ՝ ինչ էլ անեն, իդեալական վիճակի չեն հասնի, և այդ ձգտումը էներգիայի վատնում է համարում: Քննիչներին հորդորեց՝ հանցագործության դեմ պայքարում ոչ թե իդեալական վիճակի ձգտեն, այլ պարզապես արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատեն։