Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի բազմաթիվ շրջանների, մեծ մասում դադարեցվել է էլեկտրամատակարարումը

Զապորոժիե, Ուկրաինա, հոկտեմբերի 30, 2025թ.

Ռուսաստանը հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի մի շարք շրջանների, այդ թվում՝ մայրաքաղաքի վրա, թիրախավորելով նաև էներգետիկ ենթակառուցվածքները: Կա երեք զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, 17 վիրավոր, որոնցից վեցը երեխաներ են: Շրջանների մեծ մասում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Զապորոժիեում մասամբ ավերվել է հանրակացարանի շենքը:

«Հրթիռները հարվածեցին «Շահեդ» անօդաչուներից հետո։ Այդ պահին մենք միջանցքում էինք։ Կռացա, ծածկեցի գլուխս, և դուռը պաշտպանեց ինձ: Հզոր պայթյուն էր, բոլոր դռները վնասվել են», - պատմել է բնակիչներից Եվգենիա Կոնսերվան։

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանը թիրախավորում է էներգետիկ ենթակառուցվածքները, որպեսզի երկրում ձմռանը մարդասիրական աղետ ստեղծի:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ռուսական զինուժըտարվա սկզբից 75 հազար հարված է հասցվել ուկրաինական ենթակառուցվածքներին:

Կիևում ռուսական հարվածների պատճառով մարդիկ գիշերը մետրոյում են պատսպարվել:

«Սա չի ավարտվի, քանի դեռ ողջ միջազգային հանրությունը չի սկսել դիմադրել Ռուսաստանին, որին պետք է ասեն, որ նա է ագրեսորը: Մինչև մեր երկրի սահմանները չվերականգնվեն, չենք կարող ասել, որ խաղաղ ապրելու հնարավորություն ունենք», - ասել է Կիևի բնակիչ Նատալյա Կոնտոկուժինան:

Ռազմաճակատում ամենադժվար իրավիճակը հիմա Պոկրովսկում է. Զելենսկի

Ռուսական զորքը հայտարարել է, որ ևս երկու բնակավայր է վերցրել: Նաև փորձում է շրջապատել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքը: Ըստ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանն այստեղ մոտ 11 հազար զինվոր է տեղակայել։ Ուկրաինայի զինուժը ևս լրացուցիչ ուժեր է տեղակայում: Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռազմաճակատում ամենադժվար իրավիճակը հիմա Պոկրովսկում է:

«Ինչպես նախորդ շաբաթներին, այնտեղ մարտերն առավել լարված են՝ ռուսական ուժերի ուժեղ կենտրոնացմամբ։ Օկուպանտները բոլոր միջոցներով փորձում են պահպանել իրենց դիրքերը։ Յուրաքանչյուր օկուպանտի ոչնչացում ձեռքբերում է մեր ողջ պետության համար», - ասել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խերսոնում մանկական հիվանդանոցին ռուսական հարվածից առնվազն 9 մարդ է վիրավորվել, նրանցից 4-ը՝ երեխա

Ուկրաինական զինուժը հայտարարել է, որ ռուսական զորքին դեռ չի հաջողվել շրջափակվել Պոկրովսկը, իսկ լոգիստիկ այս կենտրոնի շուրջ գտնվող ռազմական մատակարարման ուղիները գործում են:

Ուկրաինային ռուսական զինուժի հարվածները տեղի են ունենում Հարավային Կորեայում Միացյալ Նահանգների և Չինաստանի առաջնորդների հանդիպման ֆոնին, որի ընթացքում Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը քննարկել են նաև ուկրաինական պատերազմը: Հանդիպումից հետո Թրամփն ասել է, որ համաձայնել են «միասին աշխատել» հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Մենք երկար խոսեցինք այդ մասին: Երկուսս էլ պատրաստվում ենք աշխատել՝ տեսնելու, թե արդյոք կարող ենք ինչ-որ բան անել: Նա մեզ օգնելու է, և միասին աշխատելու ենք Ուկրաինայի հարցում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը և Ծինփինը համաձայնել են մեղմել առևտրային լարվածությունը և «համատեղ աշխատել» Ուկրաինայի հարցում

Դոնալդ Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից մի քանի րոպե առաջ հայտնել է, որ Պենտագոնին հրամայել է վերսկսել միջուկային զենքի փորձարկումները՝ 33 տարվա ընդմիջումից հետո: Նա պարզաբանել է, թե նման որոշում է կայացրել, քանզի այլ երկրները, մասնավորապես, Ռուսաստանը, Չինաստանը, ևս նման փորձարկումներ են անում: «Այս գործընթացը կսկսվի անմիջապես»,- սոցցանցում գրել է նա:

Մինչ այդ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր միջուկային շարժիչով աշխատող մեծ հեռահարության «Բուրեվեստնիկ» հրթիռի և միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ «Պոսեյդոն» գերտորպեդոյի հաջող փորձարկման մասին:

Մոսկվան զգուշավոր է արձագանքել միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու Թրամփի հայտարարությանը: Կրեմլի խոսնակն ասել է, որ Ռուսաստանը միջուկային զենք չի փորձարկել, բայց կհետևի ԱՄՆ-ի օրինակին, եթե Վաշինգտոնը վերսկսի դրանք:

«Մինչև հիմա չգիտեինք, որ որևէ մեկը փորձարկում է անում։ Եվ եթե նա որևէ կերպ նկատի ունի «Բուրեվեստնիկ»-ի փորձարկումները, ապա սա ոչ մի կերպ միջուկային փորձարկում չէ», - ասել է Պեսկովը։

Չնայած խաղաղության մշուշոտ հեռանկարին՝ Ռուսաստանի նախագահի տնտեսական և ներդրումների հարցերով հատուկ բանագնացը լավատես է: Կիրիլ Դմիտրիևը, որն ԱՄՆ էր մեկնել Թրամփ-Պուտին հանդիպման չեղարկումից հետո և անցած մի քանի օրերին հանդիպել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ, կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել մեկ տարվա ընթացքում: