Մատչելիության հղումներ

Արագածոտնի թեմի առաջանորդարանի հաշվապահի նկատմամբ տնային կալանք է կիրառվել


Արագածոտնի թեմի առաջանորդարանի հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Քննչական կոմիտեից հայտնում են՝ 3-րդ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Նախօրեին հաղորդվեց, որ երկու ամսովկալանավորվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Նա մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով: Մկրտիչ եպիսկոպոսն այս մեղադրանքները չի ընդունում: Քննչական կոմիտեն քրեական վարույթը հարուցել էր հենց Տեր Արամի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հայտարարության հիման վրա, որտեղ նա պնդել էր, թե իրենց հարկադրել են մասնակցել 2021-ի ընդդիմության հանրահավաքներին։

Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի հոգևորականների տներում, 12 և ավելի հոգևորականներ բերման էին ենթարկվել, նրանց մի մասի տեղը մինչև վերջին պահն անհայտ էր, այդ թվում՝ Մկրտիչ եպիսկոպոսի: Միայն օրվա ավարտին հայտնի դարձավ, որ իրավապահները նրան պահում են կենտրոնի Քննչական կոմիտեում: Ընդ որում, այդ մասին ոչ թե Քննչական կոմիտեն էր հայտնել փաստաբաններին, այլ Մարդու իրավունքների պաշտպանը: Ժամեր շարունակ փաստաբանները զրկված էին իրենց պաշտպանյալներին տեսակցելու հնարավորությունից:

Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն այս գործողությունները որակել է ապօրինի քրեական հետապնդում, որոնք իշխանությունների «հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի» հերթական դրսևորումն են:

«Քաղաքացիական պայմանագրից» երեկ պնդել են, որ Արագածոտնի թեմում անօրինական ոչինչ տեղի չի ունեցել, իրավապահներն էլ հոգևորականներին հետապնդելու ցուցում չեն ստացել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG