Այսօր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ, իր օրհնությունն ու քաջալերանքը բերել քահանաներին, ովքեր նախօրեին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Երեկ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի հոգևորականների տներում, 12 և ավելի հոգևորականներ բերման էին ենթարկվել: Թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ով Վեհափառի քրոջ որդին է, երկու ամսով կալանավորվեց՝ իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելու և ընտրական իրավունքին խոչընդոտելու հոդվածներով, մեկ ամսով կալանավորվեց Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, մյուս հոգևորականներն ազատ արձակվեցին: