Արագածոտնի թեմի առաջնորդը չի ընդունում մեղադրանքը. ինչ է հայտնի եկեղեցականների ձերբակալությունից հետո

Միայն օրվա ավարտին հայտնի դարձավ, թե որտեղ է գտնվում առավոտից բերման ենթարկված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Նա Քննչական կոմիտեի կենտրոնի բաժնում էր, ինչի մասին փաստաբանները տեղեկացել էին ոչ թե ՔԿ-ից, այլ Մարդու իրավունքների պաշտպանից։

Կոմիտեից ժամեր անց հայտնեցին, որ Մկրտիչ եպիսկոպոսի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՔՕ149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը պաշտոնեական դիրքն օգտագործելով), 236-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Կա ևս երկու ձերբակալված:

Փաստաբան Արա Զոհրաբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ եպիսկոպոսը չի ընդունում մեղադրանքը: Զոհրաբյանի խոսքով՝ մեղադրանքն առնչվում է օրինական հավաքներին խոչընդոտելուն կամ հարկադրելուն և ընտրական իրավունքին խոչընդոտելուն: Հիմքում, ըստ փաստաբանի, Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հաղորդումն է հանցագործության մասին, սակայն մեկ այլ հաղորդում էլ կա, որը քննիչն է ներկայացրել:

Հաղորդումն առնչվում է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արած հայտարարություններին, որ «2021 թվականին իրեն պարտադրել են մասնակցել քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին»:

«Հիմա որոշ քննչական գործողություն է կատարվում, դրանից հետո պետք կալանքի միջնորդություն ներկայացնեն դատարան։ Այսօր պետք է ներկայացվի, դատարանն էլ պետք է քննի», - ասաց փաստաբանը:

Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի Երևանի վարչությունն էին բերման ենթարկվել վեց քահանաներ Արագածոտնի թեմից, նրանց կարգավիճակն անհայտ է։

Քննչական կոմիտեի Երևանի վարչություն բերման ենթարկված վեց հոգևորականներից մեկը՝ Տեր Փառեն քահանան յոթ ժամ անց դուրս եկավ շենքից և «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ իր հետ քննչական որևէ գործողություն չի իրականացվել. «Առավոտից էի, բան չի եղել, նստած եմ եղել, ոչ մի բան։ Նորմալ է ամեն ինչ։ Ազատ եմ, տուն եմ գնում»:

Ողջ օրվա ընթացքում մի խումբ փաստաբաններ փորձում էին Քննչական կոմիտեի Երևանի վարչությունում տեսակցել իրենց պաշտպանյալների, սակայն նրանց չթույլատրվեց։

«Ամենածանր և նողկալի հանցագործություն կատարած անձն ունի պաշտպանության իրավունք։ Այս տարրական իրավունքները հոգևորականների դեպքում ուղղակի խախտվում են։ Ես չեմ կարծում, որ այս լկտիությունը, որը թույլ է տրվում քննչական մարմնի կողմից, ուղղակի սա լկտիություն է, ուրիշ բառով չեմ կարողանում բնութագրել», - ասաց Զոհրաբյանը։

Քննչական կոմիտեից հայտարարել են, որ այս գործընթացը տեղի է ունենում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում: Երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում, ըստ իրավապահների, հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք իրեր:

Դրանց թվում կոմիտեն նշել է փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ:

Մայր աթոռ սուրբ Էջմիածինը քննադատել է իրավապահների քայլերը, շեշտելով, որ Արագածոտնի թեմի առաջնորդի, թեմում ծառայող քահանաների և աշխատակիցների նկատմամբ իրականացվել են ապօրինի քրեական հետապնդման գործողություններ, որոնք իշխանությունների «հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի» հերթական դրսևորումն են:

Ըստ Մայր աթոռի հայտարարության՝ նման գործողություններով «ակնհայտ չարամիտ դիտավորություն» է հետապնդվում՝ խափանելու Եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելու եկեղեցու հեղինակությանը, ինչպես նաև վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգևորականների, հավատացյալների ու հանրության լայն շրջանակներում։


Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.