«ՀՀԿ-ի վրա ոչ մեկը ժամկետ դնել չի կարող». Քոչարյան-Սարգսյան բանավեճը նոր երանգներ է ստանում

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականում չեն զարմանում, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ չհիշատակեց ՀՀԿ-ի մասին, երբ պնդեց, թե ընդդիմադիր ուժերից խորհրդարան անցնելու շանսեր ունեն միայն իր ղեկավարած «Հայաստան» դաշինքն ու անազատության մեջ գտնվող միլիարդատեր, գործարար Սամվել Կարապետյանի ձևավորվող ուժը։

«Զարմանալի կլիներ, որ նախագահ Քոչարյանը սկսեր քարոզել Հանրապետականի հետ կապված», - «Ազատությանն» ասաց Հանրապետականի խորհրդարանական խմբակցության («Պատիվ ունեմ») ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Իսկ ինչո՞ւ Քոչարյանը չհիշեց Սերժ Սարգսյանին և նրա առաջնորդած ուժին. Մամիջանյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարության պատճառն այն է, որ ՀՀԿ-ն այս պահին չի զբաղվում ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով։ Իրենց օրակարգում նման հարց չկա, նույնիսկ քննարկում էլ չի եղել, քանի որ ՀՀԿ-ի համոզմամբ՝ իշխանափոխության պետք է հասնել մինչև 2026-ի ամռանը կայանալիք ընտրությունները։

Ի դեպ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից ժամեր անց հայտարարեց՝ իրենք այլ գործով են զբաղված՝ հաջողություն մաղթելով ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած ուժերին։

«Երբ որ դրա ժամանակը, մեր կարծիքով, կգա, մենք որոշում կկայացնենք», - ասել էր Սարգսյանը:

Գործը, որով զբաղված է Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փաշինյանի կառավարությունը հակապետական քաղաքականություն է վարում». ԱԺ-ում նրա հեռացման տարբերակներ քննարկվեցին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ ավելի վաղ անիրատեսական էր համարել Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելը, քանի որ դրա համար պարզապես բավարար թվով պատգամավորների ձայներ չկան, երեկ վերահաստատեց՝ չի փոխել իր դիրքորոշումը, թեև նրա առաջնորդած «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ միանում է գործընթացին։

«Իմփիչմենթի հիմքերը կան, ուղղակի ձայները չկան, և մինչև այսօր ես որևէ ինֆորմացիա չունեմ, թե իմփիչմենթի համար անհրաժեշտ ձայները իմփիչմենթի նախաձեռնողներն այսօր ունեն, սպասում ենք», - նշել էր նա:

Սերժ Սարգսյանը երեկ հեռակա պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին. «Նախաձեռնողները մենք չենք եղել, մենք եղել ենք պաշտպանողները։ Այս փուլը չեզոք, պատգամավորներին համոզելն է, որպեսզի նրանք միանան իմփիչմենթի գործընթացին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Պատիվ ունեմ»-ի՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծին

Մինչ Սերժ Սարգսյանը երեկ պարզաբանում էր, թե ինչ է արվում այս փուլում իմփիչմենթին հասնելու համար, Ռոբերտ Քոչարյանն այս գործընթացի ողջամիտ ժամկետների հարցն էր բարձրացնում։

«Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՀԿ պառլամենտական խմբակցության վրա ժամկետ ոչ մեկը դնել չի կարող», - արձագանքեց Մամիջանյանը: